Վահագն Չախալյանի նկատմամբ ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք. ակնհայտ է, թե պատվերն ում կողմից է, Հայաստանում կա մեկ պատվիրատու. Փաստաբան

Հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։

Նրան մեղադրում են այն ամենի համար, ինչի համար «Սրբազան պայքարի»  աջակիցներին. «իշխանության յուրացման և ահաբեկչության նախապատրաստման» համար։

Փաստաբան Ալեքսան Թումասյանն ահազանգել էր, որ Վահագն Չախալյանին ձերբակալելիս ոչ պատշաճ վիճակում էին ձերբակալել, նույնիսկ չեն թողել, որպեսզի նա իր հագուստը փոխի։

168.am հետ զրույցում փաստաբանը մանրամասնելով՝ ասաց, որ իր պաշտպանյալ Վահագն Չախալյանը հողամասում գործ անելիս է եղել, երբ նրան իրավապահները տարել են։

Կարդացեք նաև

«Ամբողջովին փոշոտ, կեղտոտ շորերով նրան տարել են, այդ վիճակով նախ տարել են Քննչական, հետո արդեն՝ դատարան։ Մեկ շաբաթից ավելի նրան այս վիճակում են պահել, նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո չեն թողել լողանալ, որևէ պարագա չեն տրամադրել։ Երբ ես այցելեցի, այս վիճակում էր, դրանից հետո միայն իրավիճակը փոխվեց՝ նա կարողացել է լողանալ, որոշակի պարագաներ են տրամադրել։

Հետո նաև իմացել եմ, որ արգելել են, որպեսզի Վահագն Չախալյանի որդին նրան տեսակցի, կարողացա այս հարցը կարգավորել։ Բայց մարդուն փաստացի ձերբակալելիս, նաև կալանավորելիս ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք»,- նշեց փաստաբանը։

Նրա բնորոշմամբ՝ այստեղ որևէ իրավական գործընթաց չկա, հետևաբար՝ գործողություններին չի կարող իրավական գնահատական տալ՝ ամբողջը պատվեր է և դատարանում որևէ իրավաբանություն տեղի չի ունենում։

«Դատարաններում լսում են մեր առարակությունները, միջնորդությունները, բայց դրա վերաբերյալ որևէ գնահատական չեն տալիս։ Գիտեն, թե ինչ որոշում են կայացնելու, դրանք արդեն նախապես պատրաստ են։ Պրոցեսը ձևական առումով է իրականանում, որևէ իրավական գործընթաց չի լինում։ Մեղադրանքների հիմքում որևէ փաստական տվյալ չկա, խափանման միջոցը, որն ընտրվում է՝ ակնհայտ ու անհիմն միջնորդություններ են ներկայացվում ու դատարանները դրանք բավարարում են»,- հավելեց փաստաբանը։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Վահագն Չախալյանին գրեթե ամեն շաբաթ մեղադրանքներ էր ներկայացվում, սակայն բացառիկ դեպքերում են, որ կալանքի միջնորդությամբ մտնեն դատարան։ Նույնիսկ նույն մեղադրանքով նրան կալանավորելուց 10 օր առաջ կրկին ձերբակալել էին, բայց ազատ էին արձակվել, քանի որ հիմք չէր եղել. ազատության մեջ գտնվելով՝ նա պատշաճ  վարքագիծ է  դրսևորել։

«Մարդուն ազատ են արձակում, բայց 10 օր անց կրկին նույն մեղադրանքով ու հիմքերով ձերբակալում են։

Կալանքի որոշման դեմ փաստաբանական խումբը բողոք է ներկայացնելու, բայց չեմ կարծում, որ իրավաբանություն կիրականացվի՝ սա ի սկզբանե պատվեր է, որը մինչև վերջ պետք է իրականացնեն։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, թե պատվերն ում կողմից է՝ Հայաստանում կա մեկ պատվիրատու, այլ պատվիրատուներ չկան»,- ընդգծեց Ալեքսան Թումասյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից սկսած ձերբակալվել ու կալանավորվել են մեկ տասնյակից ավելի անձինք՝ «Սրբազան պայքարի» աջակիցներ, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրանց իշխանությունները մեղադրում են «ահաբեկչություն և իշխանափոխություն նախապատրաստելու» մեջ։ Կալանավորված է նաև Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ նրանց էլ իշխանությունը մեղադրում է «իշխանությունը զավթելու կոչեր» հնչեցնելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս