Կալանքի որոշումը կա, գնացի, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ. Սարգսյանը եկեղեցի գնալուց հետ կներկայանա քննչական

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։

«Ժողովրդավարական երկրներում բազմաթիվ են դեպքերը, երբ գլխավոր դատախազը գալիս է ԱԺ՝ գիտակցելով, որ որևէ երաշխիք չունի՝ այդ միջնորդությունը բավարարվելու է, թե հենց իր պաշտոնավարման հարցն է դրվելու։ Բայց մենք աննախադեպ ժողովրդավարական բաստիոնում ենք, ավելի հստակ՝ բռնապետության բաստիոնում ենք։ Այստեղ ամեն ինչ նախապես որոշված է, գրված է, հաստատված է»,- հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները նույնիսկ չեն հարգում անմեղության կանխավարկածն ու մեղադրում են իրեն ահաբեկչության մեջ։

Նա հայտարարեց, որ նույնիսկ «մոնտաժված, փոխված ու հարմարեցված ձայնագրություններից» էլ պարզ է, որ իրենք իշխանություններին հեռացնելու են օրենքով չարգելված միջոցներով։

Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պայքարել է ու շարունակելու է պայքարել։

«Ու լավ իմացեք՝ դուք եղած օրվա իշխանությունն եք, դուք հեռանալու եք, հեռացվելու և երբեք չեք մոռացվելու։ Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում «Աստված չպարտվի սատանային, սերը՝ ատելությանը, տերը՝ ստրուկին, վեհը՝ ստորին, ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը» սկզբունքին,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, թե քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։

Արթուր  Սարգսյանի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։

Տեսանյութեր

Լրահոս