
Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը զուտ իշխանությունների նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում. Ձյունիկ Աղաջանյան

«Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը զուտ իշխանությունների նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում:
«Եթե հետևել եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, հենասյունային կառույցների, հատկապես՝ կրոնական, մեծ արշավ է սկսվում: Նպատակը՝ դիմադրողականության առանցքային հենասյուները ոչնչացնելն է: Իսկ մեր պարագայում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է և հազարամյակների ընթացքում առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձևավորման»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավի միջոցով իշխանությունները փորձում են իրենց մարդուն բերել, որը կամակատարի դեր կստանձնի և իրենց ցանկություններով կառաջնորդվի, ինչի ականատեսը եղանք դեռևս 2018 թվականին, երբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման միջոցով դեռ փորձում էին իրենց մարդն ունենալ:
Այսինքն, Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, Փաշինյանի իշխանությունը սպասարկում է արևմտյան հեռահար նպատակներով ձևավորված թուրք-ադրբեջանական ծրագիրը, և նրանց համար առանցքային կառույցը, որը կարող է խաթարել իրենց ծրագրերի իրականացումը, Հայ Առաքելական եկեղեցին է:
«Եկեղեցին նման ճղճիմ մտածելակերպով մարդկանց շատ է տեսել, պատուհասների միջով է անցել, և կուտակած իմաստնությունը նրան թույլ է տալիս ճիշտ գնահատել սպառնալիքը և համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը: