
«Ադրբեջան շարունակում է ամրապնդել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա իր վերահսկողությունը». Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջան շարունակում է ամրապնդել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա իր վերահսկողությունը:
Նախիջևանը Ադրբեջանի աքիլեսյան գարշապարներից մեկն է, որն ամրապնդելու համար Բաքուն 2020 թվականից հետո մեծ ջանքեր է գործադրում: Առաջին հերթին հետևողական կերպով փոփոխվում են ինքնավար հանրապետության օրենքները, որպեսզի իրավական առումով այն լիարժեք ինտեգրվի «մայրցամաքային» Ադրբեջանին:
Հենց սրան է ուղղված այսօր ներկայացված Նախիջևանի նոր սահմանադրության նախագիծը, որով թղթի վրա այս երկրամասի ինքնավարությունից գրեթե ոչինչ չի մնում: Հանվում է նաև հղումը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, որով և հայկական Նախիջևանը տրվել էր Ադրբեջանի խնամակալությանը:
Նախիջևանի լիարժեք, հողի վրա «յուրացման» գլխավոր պատնեշը, սակայն, մնում է Սյունիքը: Վերջինս նվաճելու փորձերը նաև լուծում են Նախիջևանի ինտեգրացիոն խնդիրները: Ուստի «Զանգեզուրի միջանցքը» նաև այս իմաստով մաքուր քաղաքական ծրագիր է»: