Հայ-թուրքական հարաբերությունները փորձում ենք կառուցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում. Վլադիմիր Վարդանյան

Մենք փորձում ենք կառուցել հայ–թուրքական հարաբերությունները` հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` ի պատասխան վարչապետի` Թուրքիա կատարած այցի օրակարգին վերաբերող հարցի։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոփոխվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում»,– ասաց Վարդանյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայում հնարավոր հանդիպման և ինչ–որ փաստաթղթի ստորագրման հավանականության մասին հարցադրման։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի նախագահը։ Իսկ պաշտոնական Ադրբեջանից հնչել էր պահանջ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, ուստի լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք այդ պահանջը և՞ս կարող է ներառվել խաղաղության պայմանագրում։

«Ենթադրություններ կարելի է շատ անել։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Դա նշանակում է, որ բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հիմա մենք կարող ենք խոսել պայմանագրի կնքման ժամանակի և վայրի մասին։ Իհարկե, շատ կարևոր է, որ կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը»,– ասաց Վարդանյանը` դարձյալ շեշտելով, որ այդ հարցում տարածաշրջանային կոնսենսուսը և հարևանների հետ հարաբերությունները խիստ կարևոր են։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այցի օրակարգին, ՔՊ-ական պատգամավորը խուսափեց որևէ տեղեկություն հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս