
Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ:
Այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։
Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։
«Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», – նշվում է տեքստում:
Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։
«Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», – հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա:
Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ: