Բաժիններ՝

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

Իտալիայում և համատեղության կարգով Սան Մարինոյում ու Մալթայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հունիսի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջին:

Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շնորհավորելով դեսպանին Մալթայի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետ Իեն Բորջը հաջողություն է մաղթել դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար, հավաստիացրել է, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄՀ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-մալթայական փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս