
Բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում… նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. Դավիթ Համբարձումյան

«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին:
Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:
Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին:
Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»։