Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանությանը հատկացնեն ՀՆԱ-ի մինչև 5%-ը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրներին կհաջողվի համաձայնության գալ պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ն ավելացնելու պարտավորություն ստանձնելու շուրջ։ Այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ լրագրողների առջև ելույթում։ Նրանց ելույթի տեսանյութը տարածել է NATO News-ը։ 

«Մենք խոսելու ենք մեր բոլոր դաշնակիցների հետ…. որ 5%-ը այն չափն է, որին մենք պետք է հասնենք՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որ ներկայում գոյություն ունեն աշխարհում: Եվ մենք այդ զրույցը կունենանք հաստատակամ և կառուցողական կերպով», – ասել է Հեգսեթը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, մեծ ներդրում է արել «ՆԱՏՕ-ն որպես դաշինք վերականգնելու հարցում», սակայն դաշինքն, ըստ Հեգսեթի, չի կարող հույսը դնել միայն ԱՄՆ-ի կարողությունների վրա։

Ավելի վաղ, հանդիպմանը ժամանելիս Հեգսեթը հայտնել էր, որ Վաշինգտոնը կփորձի հասնել նրան, որ դաշինքի բոլոր երկրները պարտավորվեն պաշտպանության համար հատկացնել իրենց ՀՆԱ-ի 5%-ը, և որ դա պետք է տեղի ունենա մինչև Հաագայի գագաթնաժողովը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս