
Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը անկում է ապրում. Civilnet.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր ուժերի հանդեպ վստահության մակարդակը շարունակում է նվազել, իսկ անորոշությունը՝ աճել, գրում է Civilnet.am-ը։ ՔՊ-ի դեպքում այդ անկումը ավելի զգալի է։ Այդ մասին են վկայում «Կովկասյան բարոմետր» հարցումների արդյունքները և հատկապես վերջին՝ 2024-ի տվյալները, հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1,561 քաղաքացի։
2019-ին հարցվածների 35 տոկոսը նշել էր, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է համարում իր ամենամոտ քաղաքական ուժը։ 2021-ին այդ ցուցանիշը կազմել էր 22 տոկոս, իսկ 2024-ին՝ 15 տոկոս։ Այսինքն՝ ՔՊ-ի վարկանիշը հարցվածների շրջանում ավելի քան կրկնակի նվազել է։
Միևնույն ժամանակ, 2021-ին «Հայաստան» դաշինքն ուներ 8 տոկոս վստահություն, իսկ 2024-ին՝ երկու անգամ պակաս՝ 4 տոկոս։
Ինչպես 2021-ին, այնպես էլ 2024-ին, երրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. հարցվածների 4 տոկոսն է այն համարել իր ամենամոտ կուսակցությունը։
«Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդը Արամ Սարգսյանն է, 2021-ին ուներ հարցվածների ընդամենը 2 տոկոսի աջակցությունը, իսկ 2024-ին այդ ցուցանիշը հասել է 3 տոկոսի։
«Կովկասյան բարոմետր 2024»-ից
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը մինչև 2018-ը իշխող ուժն էր, ունի 2 տոկոսի աջակցություն՝ 2024-ի տվյալներով։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ն շարունակում է չընդունել որպես ներկայիս քաղաքական այլընտրանք։ Ուշագրավ է, որ մեծամասամբ հանրապետական պատգամավորներ ունեցող «Պատիվ ունեմը», որը ղեկավարում է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանն ունի ավելի ցածր վարկանի՝ 1
«Կովկասյան բարոմետր 2024-ի» հարցման համաձայն՝ հարցվածների 55 տոկոսը նշել է, որ չի աջակցում որևէ քաղաքական ուժի։ Սա վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է այս կատեգորիայում։ Համեմատության համար՝ 2019-ին այդ թիվը կազմում էր 42 տոկոս, 2021-ին՝ 43 տոկոս։
Այսինքն՝ վերջին երեք տարվա ընթացքում «ոչ մեկին չեմ աջակցում» պատասխանը աճել է 12 տոկոսային կետով, ինչը վկայում է քաղաքական ապատիայի և հիասթափության խորացման մասին։