
ՔԿ շենքից 590 000 դոլար գողանալու գործով ՊԵԿ պաշտոնյա կա ձերբակալված. նա է գողին տեղափոխել իր մեքենայով. ՊԵԿ-ը հերքում է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ հենց ՊԵԿ պաշտոնյան է, որ Երևանի Սարյանի փողոցից՝ գլխավոր փոստատան շենքի մոտից, իր մեքենայով տեղափոխել գողին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ գողությունը երկար է պլանավորվել և որ պաշտոնարներն անմասն չեն մնացել։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից հափշակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։
Ընդ որում, անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ միզելն իրականացրել է հատուկ տարայի մեջ, որը հետը եւս դուրս է տարել:
Ի դեպ, մայիսի 24-ի երեկոյան ՊԵԿ-ը հերքում է տարածել։
«ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։
Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից»։