
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է նախապատրաստվում. Պեսկով

Աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Աշխատանքներ են ընթանում Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի հետ գերիների 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման շուրջ բանակցությունները:
Մայիսի 16-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայացած բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը ղեկավարում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել է Ուկրաինայի հետ գերիների զանգվածային փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց սկզբունքով:
Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել հնարավոր ապագա հրադադարի իրենց տեսլականը: Ուկրաինական կողմը բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել, ՌԴ-ն դա ընդունել է ի գիտություն։ Մեդինսկին նաև հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու` Ռուսաստանի պատրաստակամության մասին: