Բաժիններ՝

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական ինտենսիվ գործողությունների պատճառով

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է այցելությունն Իսրայել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Վենսը նման որոշում է կայացրել, որպեսզի խուսափի այնպիսի տպավորություն թողնելուց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ընդլայնված գործողություն սկսելու որոշմանը. ԱՄՆ-ն պնդում է հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմն Իսրայելի իշխանություններին տեղեկացրել էր, որ Վենսը Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից հետո, հնարավոր է, մայիսի 20-ին այցելի Իսրայել։Վենսի այցի հնարավորությունը քննարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չէր մեկնել Իսրայել իր մերձավորարևելյան շրջագայության ժամանակ. սա քննադատության էր արժանացել Իսրայելում:

Ավելի վաղ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է Գազայում պահվող պատանդների ազատ արձակման և հրադադարի վերաբերյալ թարմացված առաջարկ և փորձում է ճնշում գործադրել, որ կողմերն ընդունեն այն։

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ սկսել է «Գեդեոնի կառքեր» անվամբ խոշոր հարձակում Գազայի հատվածի վրա, որի նպատակն է «գրավել ռազմավարական տարածքներ» ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող անկլավում՝ «պատերազմի բոլոր նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ պատանդներին ազատ արձակելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու նպատակով»։

Մայիսի 19-ի առավոտյան իսրայելական բանակը սկսել է սաստկացնել հարվածները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի վրա։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը կվերահսկի Գազայի բոլոր տարածքները։«Մեր մարտիկները հիանալի աշխատանք են կատարում Գազայում», – ասել է նա՝ առանց այլ մանրամասներ նշելու։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031