
Մեզ ծաղրածու անվանած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրել է կրկեսում վարժեցված պուդելի դերը. Նարեկ Մալյան
«Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հայտնվել են կասկածելի և վատ վիճակում. այն աստիճան վատ, որ անգամ չեն կարողանում ծեծկռտուք անել, ընդամենը քաշքշոցների մեջ են հայտնվում, և վերջ։ Բանը ծեծին չի հասնում, ըստ իս, այն պատճառով, որ ընդդիմությունն ուզում է լարումը խորհրդարանում պիկի չհասցնել, կամ, այլ կերպ ասած, չի ուզում կամուրջներ այրել այն մարդկանց հետ, որոնց հետ պետք է աշխատի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մայիսի 14-ին Ազգային ժողովում ընդդիմություն և իշխանություն հերթական բռնկման մասին, նման տեսակետ հայտնեց «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորներն Ազգային ժողովում ունեն ընդամենը մեկ անելիք՝ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությամբ հանդես գալը։
«Մենք դեռ չենք ասում, որ այն պատգամավորները, որոնք հրաժարվում են դա անել, հանցակից են Փաշինյանի բերած աղետներին. նման արտահայտություն դեռ մեզ թույլ չենք տվել: Հետևապես, իմպիչմենտի գործընթաց չսկսողների վերաբերյալ դեռ մեզ թույլ չենք տալիս կոշտ արտահայտություններ»,- ասաց Մալյանը։
Դիտարկմանը՝ իմպիչմենտի գործընթաց չսկսող ընդդիմադիր պատգամավորները որպես արդարացում՝ ասում են, թե Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն ո՞վ են, որ մեզ ինչ-որ բան պարտադրեն, չէ՞ որ մենք իմպիչմենտի մասին գիտեինք մինչև այդ մարդկանց ասելը, Նարեկ Մալյանն արձագանքեց՝ հետո՞ ինչ՝ գիտեին, բայց չէ՞ որ այդ ուղղությամբ որևէ քայլ չեն արել։
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն էլ մեզ անվանել է ծաղրածուներ։ Ասեմ հետևյալը՝ եթե իրենք քաղաքական դաշտը վերածել են կրկեսի, ապա թող իմանան, որ ծաղրածու լինելը պատվաբեր է, ծաղրածուն պետք է տիրապետի կրկեսային հնարքների ամբողջ փնջին։
Կրկնում եմ՝ դա ամենապատվաբերն է, իսկ մեզ ծաղրածու անվանած ԱԺ «Հայաստան» խմբակցության այդ պատգամավորը, փաստորեն, ընտրել է վարժեցված պուդելի դերը»,- հակադարձեց Մալյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։