
«Իմ պրակտիկայում չէր եղել, որ բնության աղետի հետևանքով հղի կինը վնասվածք ստանար». Անդրանիկ Պողոսյան
Մայիսի 11-ին Երևանում ուժեղ քամու հետևանքով տանիքից պոկված թիթեղը վնասել էր հղի կնոջը, որն անմիջապես տեղափոխվել էր «Էրեբունի» ծննդատուն և ենթարկվել կեսարյան վիրահատության։ Այս պահին մոր և նրա նորածին դստեր կյանքին վտանգ չի սպառնում։
«Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանն այսօր խոսելով այս դեպքի մասին, ասաց, որ իր երկար տարիների պրակտիկայի ընթացքում նման դեպք չէր եղել։
«Իմ աշխատանքի 45 տարին արդեն լրացել է, նման դեպք ես չեմ տեսել, որ բնության աղետի պատճառով հղի կինը նման վնասվածք ստանա։ Սա կարծես բարձրյալի հրաշքը լինի, որ կինը և նորածինը փրկվել են։ Ճիշտ տակտիկա է եղել, դեպքից անմիջապես հետո հղի կինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով՝ ստուգվել ու դիագնոզվել է, ելնելով իրավիճակից՝ 2-3 րոպեի ընթացքում արդեն նախապատրաստվել է վիրահատության։
Հիմնական խնդիրը եղել է ոչ թե որովայնի, աղիների կամ այլ օրգանի վնասվածք, այլ հենց արգանդի վնասվածքը, և կինը նշել է, որ այդ վնասվածքից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի հատվածում բավականին խորը պատռվածք է եղել։ Նա տեղափոխվել է «Ծերեթելի» բ/կ, որտեղ արվել են մանրամասն հետազոտություններ, փառք Աստծո, նորածինը գտնվում է լավ վիճակում, մայրը՝ նույնպես, շուտով կպատրաստվենք դուրս գրելուն»,- ծննդատանը լրագրողների հետ զրույցում նշեց Անդրանիկ Պողոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում