
Եվրահանձնաժողովը 3 մլրդ եվրո կհատկացնի միգրացիոն քաղաքականության իրականացման համար

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 3 միլիարդ եվրո կհատկացնի ԵՄ երկրներին՝ միգրացիոն նոր քաղաքականություն իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Կարևոր է իրականացնել մեր միգրացիոն պայմանագիրը, այն իրականություն դարձնել: Եվ դա տեղի է ունենում ներդրումների և մեծ քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո կհատկացնենք այդ նպատակի իրագործմանը: Սա միջնաժամկետ վերանայման արդյունքն է: Մենք կունենանք ավելի ուժեղ արտաքին սահմաններ», – ասել է ֆոն դեր Լեյենը:
Այս տարվա սկզբին Եվրահանձնաժողովը առաջարկներ էր ներկայացրել՝ խստացնելու անօրինական միգրանտների դեմ պայքարը, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս անօրինական միգրանտների համար կալանավայրեր ստեղծելու միջոցով, թեև դա նախատեսված չէ եվրոպական կանոններով։
Այսպիսով ԵՄ երկրները կկարողանան ԵՄ-ում ապաստան ստանալուց մերժված օտարերկրացիներին ուղարկել այդ կենտրոններ՝ հետագայում արտաքսելու այն երկրներ, որոնց քաղաքացիներ են նրանք:
Ավելին, Եվրահանձնաժողովն ինքը չի մասնակցի դրան՝ կենտրոնների ստեղծման գործընթացը թողնելով անդամ երկրներին։