
Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան գագաթին, շինթույլտվություններն արդեն կան. Տոնոյան

Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան գագաթին, համապատասխան շինարարական թույլտվություններն արդեն տրված են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի` Հաղթանակի 80-ամյակին նվիրված նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ արձանը Հատիս լեռան գագաթին հնարավոր է` չտեղադրվի, քանի որ լեռան վրա ամրոցի հետքեր են հայտնաբերվել և պեղումներ են ընթանում։
«Շինարարության թույլտվությունն արդեն տրված է, «Ծառուկյան» հիմնադրամի օգնությամբ իրականացված պեղումներն ավարտվել են։ Մեզ համար կարևոր էր նաև իմանալ, որ շինարարության ընթացքում ոչ մի պատմամշակութային ժառանգության վայր չի վնասվի», – ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ փաստաթղթերի հետ կապված գործընթացը 99 %–ով արդեն ավարտված է, երբ լիովին ավարտվի, մեծ թափով մեկնարկելու են արձանի տեղադրման աշխատանքները։
Ըստ Տոնոյանի` Քրիստոսի արձանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022 հունվարի 14-ին։ Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Քրիստոսի արձանի բարձրությունը 33 մետր է կշիռը` 17–20 տոննա։ Պատվանդանի հետ միասին արձանը 101 մետր բարձրություն կունենա, չնայած նախատեսվում էր 77,7 մ։ Արձանը ստեղծելու համար քանդակագործն աշխատել է երկու տարի։