«Լսե՛ք, հերի՛ք ա ինձ քննիչի տեղ դնեք». Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիայի մասին հարցից լարվեց

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոսյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ`հետաքրքրվելով, թե «բռնության ու կոռուպցիայի դեմ եղած» Նիկոլ Փաշինյանն ինչպես է վերաբերվում տեղի ունեցածին։

«Մենք որևէ ամբիոնից, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք։ Ասացիք դրվագ, որն այդքան էլ չգիտեմ, վկայակոչելով կոռուպցիոն սխեմա և այլն։ Ես կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մեկը չի կարող լինել մեր թիմից։ Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է, և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է՝ այդ պահից նա կդադարի լինել մեր թիմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Նորքի թաղապետարանում տեղի ունեցածին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ դեպքում բռնությունը չի կարող ընդունելի լինել։

«Բռնությունը մեզ համար անընդունելի է, մենք այս հարցերում հստակ ենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ որպեսզի հստակ լինի, ապա ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում ու փող է տանում՝ իր անձնական թշնամին է։

Կարդացեք նաև

«Իսկ մնացածը՝ լսե՛ք, հերի՛ք է ինձ քննիչի, դատախազի, օպերի… մի կողմից՝  առավոտից իրիկուն ասում եք, թե սուպերվարչապետական համակարգ է, հեռախոսը վերցրեց, էս արեց, էն արեց։ Ասում եմ՝ ձեր ասած դեպքի մասին առաջին անգամ եմ լսում, որովհետև ես կարևոր գործեր ունեմ։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

«Հանրապետություն» կուսակցության անդամ թաղապետը մեկնաբանելով միջադեպը՝ ասել էր, որ «լավ է արել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս