
«Մեկն ընդդեմ երեքի բանավեճ եմ առաջարկում, եկե՛ք». Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում
«Չգիտեմ, արդեն որերորդ անգամ այս ամբիոնից պետք է ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որն այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմը հրահրել են ՀՀ իշխանությունները։
Ըստ նրա, Երրորդ նախագահն այդ ժամանակ ասել էր, որ բանակցային գործընթացն այլևս թևակոխել է «պատերազմական փուլ»։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը դե յուրե չի ավարտվել, դրա արդյունքում որևէ թուղթ չի ստորագրվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին հիշեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանի՝ պատերազմ թույլ չտալու տարբերակը Մեղրին Արցախով փոխանակելն էր։
«Էդ մարդկանց ասել եմ, որ հերիք է կա՛մ միամիտ, կա՛մ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք, լսեք, բան ունեք պատմելու, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, հերիք է գնաք մութ անկյուններում, առանձնացված… Ինչի՞ մասին եք ուզում խոսեք, ուզում եք՝ Ղարաբաղի բանակցությունների մասին խոսեք, ուզում եք՝ պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին, ինչի՞ մասին եք ուզում խոսենք, եկեք, գնանք, խոսենք։
Ինչքա՞ն պետք է գնանք թաքուն այս պատի տակ, այն պատի տակ, էն ծառի տակ, էն անկյունում. Բան ունեք խոսելու, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք, ինչո՞ւ չեք գալիս։ Տեսեք, ազնիվ բան եմ, չէ՞, առաջարկում, ասում եմ՝ մեկն ընդդեմ երեքի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի։ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել էր նրան՝ ասելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում, այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր՝ որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի»։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ «Yerevan Today»- ի հետ զրույցում, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները, ասել էր, որ «նա «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի»»: Լավագույն լուծումը «մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ արձագանքել էին.
«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ, ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ՝ ինչպես 2016 թվականի, այնպես էլ՝ հետպատերազմյան խոստովանությունները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում