«Նորքի թաղապետարանում տեղի ունեցածին ես գնահատական տալ չեմ կարող՝ ցանկացած բռնություն դատապարտելի է». Սրբուհի Գալյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է այդքան անհարգալից վերաբերմունք ցուցաբերում լրագրողների նկատմամբ, խտրական մոտեցո՞ւմ է իշխանական ու ընդդիմադիր լրատվականների լրագրողների նկատմամբ։

Սրբուհի Գալյանն ասաց՝ ուզում է լրագրողներին հիասթափեցնել, քանի որ մինչև այժմ չգիտի, թե որ լրագրողն է ընդդիմադիր ու որը՝ իշխանական, եթե նման բաժանում գոյություն ունի։

«Կարող եմ այս պահի դրությամբ փաստարկված ասել, որ ես պաշտոնատար անձ եմ, ով մշտապես բաց է լրագրողների հետ։ Բայց կարծում եմ՝ ինչպես խելամիտ ու ողջամիտ մարդ, ինքս տանել չեմ կարողանում, երբ հարցը հնչում է, ու ես պատասխանում եմ, բայց կողքից ընդհատում են։ Մշտապես պարզ ու բաց եմ շփվել լրագրողների հետ»,- նշեց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերում է Նոր Նորքի թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին, Սրբուհի Գալյանն ասաց.

Կարդացեք նաև

«Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը։ Քրեական գործ է հարուցվել, կարծում եմ՝ քրեական գործի հարուցումը խնդրի լուծման հետագա ընթացքը ցույց կտա։ Փաստն այն է, որ քրեական գործ է հարուցվել, ինձանից ի՞նչ եք ակնկալում։

Ես բռնությունը դատապարտում եմ, բոլոր տեսակի բռնությունների մասին է  խոսքը»,- ընդգծեց Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

«Հանրապետություն» կուսակցության անդամ թաղապետը մեկնաբանելով միջադեպը՝ ասել էր, որ «լավ է արել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս