«Շուտով 2 ամիսն է լրանալու, բայց ինձ վրա թքող ոստիկաններին Քննչական կոմիտեն չի կարողանում հայտնաբերել». Տիգրան Ուլուբաբյան

Շուտով կլրանա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու դեպքի 2 ամիսը, սակայն մինչև այս պահը մեղադրյալ չկա։

«Այս պահին որևէ լավ բան չեմ կարող ասել, ինձ վրա թքող ոստիկաններին մինչև հիմա իբրև թե չեն կարողանում գտնել։ Ինձ հայհոյող ոստիկաներին Քննչականի մոտ տեսա, իրեն էլ չեն կանչել, որ առերեսում տեղի ունենա, ոչ մի բան չեն արել, ի՞նչ ասեմ։

Շուտով 2 ամիսն է լրանալու, բայց մինչև հիմա ինձ վրա թքող ոստիկաններին Քննչական կոմիտեն չի կարողանում հայտնաբերել»,- 168.am հետ զրույցում նշեց Տիգրան Ուլուբաբյանը։

Նա նշեց, որ քննիչին բազմիցս ասել է, որ այդ ոստիկաններին իրենք պետք է գտնեն, ի պատասխան, քննիչն ասել է, որ Տիգրանը պետք է նկարագրի այդ ոստիկանին, ինչը բազմիցս արել է։

Կարդացեք նաև

«Ոստիկան Գոռ կա, հրապարակով քայլում էինք, ինքն էլ ազատ շրջում էր, մեկ մեզ է նայում, մեկ՝ հետևներիցս գալիս էր։ Չգիտեմ, եթե մեզ ասելու բան ուներ, կարող էր ուղիղ ասել։

Ես իմ անելիքների մասին շուտով կասեմ։ Այդ ինչպե՞ս է լինում, որ երբ սովորական քաղաքացին մի բան է անում, արագ գտնում են, բայց երբ ոստիկաններին է բանը հասնում, ասում են՝ տեղեկություն չկա»,- շեշտեց Տիգրան Ուլուբաբյանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Վանաձորի ոստիկանության բաժանմունքում խոշտանգման էին ենթարկել Արցախից բռնի տեղահանված, արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Ուլուբաբյանին։

Վանաձորում Տիգրան Ուլուբաբյանի ազգականի տնից տեղի ունեցած գողությունից հետո, ոստիկանները նրան տարել են բաժանմունք, ծեծի միջոցով ստիպել, որպեսզի խոստովանի չկատարած հանցանքը։

Դրանից հետո Տիգրան Ուլուբաբյանը, իր փաստաբանի և բազմաթիվ քաղաքացիների հետ, բողոքի ակցիա իրականացրեցին Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով արդար լուծում, սակայն դրանից հետո գործը տեղից չի շարժվում։

Տեսանյութեր

Լրահոս