
ՀՀԿ-ն խաթարում է «շինողների» ու անիծողների ներդաշնակությունը

Ապրիլի 30-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ/EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել, որը, հատվածաբար հրապարակելով, իշխանական քարոզչությունն արդեն երկու օր ներկայացնում է՝ որպես Հայաստանի հերթական «դիվանագիտական հաղթանակ»։
Ի դեպ, իշխանական քարոզչությունը ստում է՝ ասելով, թե այդ բանաձևը միաձայն է ընդունվել. իրականությունն այն է, որ քվեարկության ընթացքում եղել են նաև ձեռնպահներ:
ՔՊ-ականներին ոգևորել է Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումների» մասին ԵԺԿ-ի հիացմունքը, որը նրանք համարում են որպես իրենց իշխանությանն ուղղված աջակցություն։ Իշխանական քարոզչությունը հենց այդ շեշտադրմամբ է ներկայացնում ԵԺԿ-ի զեկույցը, որում, սակայն, փաշինյանական վարչախմբին ուղղված գովասանքից բացի, կան շատ ավելի կարևոր երկու կետեր՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովման պահանջներ։
Հասկանալիորեն այս վերջին կետերը իշխանական պրոպագանդայի համար պակաս հետաքրքիր են, և այդ իսկ պատճառով կենտրոնացել են միայն Հայաստանի իշխանությանն ուղղված «գովասանքի» վրա։ Սա իր հերթին՝ ունի ևս մեկ նրբերանգ, որի մասին չի բարձրաձայնվում։ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական միավորում, փաշինյանական իշխանության համար համարվում է անհասանելի բարձունք։ Տարիներ շարունակ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ամեն կերպ փորձել է դառնալ այդ քաղաքական միավորի անդամ, սակայն չի կարողացել։ Փոխարենը՝ հայկական քաղաքական համակարգում Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ ԵԺԿ-ի հիմնական ու ավանդական գործընկերը համարվել է դրան անդամակցող Հանրապետական կուսակցությունը, որի նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական այդ կառույցում ունի ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նաև անձնական լուրջ կապեր ու հեղինակություն։ Նաև սա է փաշինյանական քարոզչամեքենայի հրճվանքի պատճառը։
ԵԺԿ-ի հայտարարությունը նրանց համար արժեքավոր է ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես եվրոպական ազդեցիկ կուսակցության փաստաթուղթ, այլ որպես իրենց ներքաղաքական հակառակորդի՝ եվրոպական դաշնակիցների կողմից ստացված աջակցություն։ Սա, իհարկե, մեղմ ասած, պարզունակ մոտեցում է, բայց փաշինյանական իշխանությունից ավելին ակնկալելը կլիներ էլ ավելի պարզունակ։
Այս համատեքստում չափազանց ուշագրավ էր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի վերջին հայտարարությունը, որում ՀՀԿ-ն քաղաքական բառապաշարով ու դիվանագիտական ձևակերպումներով կոշտ քննադատության է ենթարկել ԵԺԿ բանաձևը՝ այն գնահատելով որպես Հայաստանի ազգային շահերի հետ աղերս չունեցող և հենց ԵԺԿ նախորդ փաստաթղթերին հակասող։
Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, իր համար, մեղմ ասած, խնդիրներ է ստեղծում Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական միավորի հետ հարաբերություններում․ անգամ եվրոպացիներին հաճելի չէ քննադատություն լսել իրենց հասցեին, առավել ևս իրենց մեծ քաղաքական ընտանիքին մաս կազմող ուժի կողմից։ ՀՀԿ-ն, սակայն, կուսակցության արտաքին հարաբերությունները, եվրոպական քաղաքական համակարգում իր շահեկան դիրքն ու կոմֆորտը ստորադասել է Հայաստանի ազգային շահերին և վտանգելով նեղ կուսակցական շահը՝ հրապարակավ հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է խնդիրներ ստեղծել կուսակցության համար այն կառույցի հետ, որին տարիներ շարունակ փորձում է անդամակցել Հայաստանի իշխող քաղաքական ուժը, բայց չի հաջողում։
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ն՝ ԱԺ-ում ներկայացված «Պատիվ ունեմ» խմբակցությունը, միակն էր, որ դեմ քվեարկեց ՔՊ-ի ներկայացրած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունը, որքան էլ տարօրինակ էր, չմասնակցեց քվեարկություններին։
Մինչ այդ, «Պատիվ ունեմ»-ը նաև հայտարարություն էր տարածել՝ բացատրելով, թե ինչու են դեմ քվեարկելու.
«Սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է. «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը: …Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։
Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը»,- ասված էր հայտարարության մեջ:
«ՀՀԿ-ի որոշումը և «Պատիվ ունեմ»-ի քվեարկությունը, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ է։ Մենք դեմ քվեարկեցինք, որովհետև և սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, և լավ գիտենք Եվրոպական միությունը (ԵՄ)։ Ավելին ասեմ՝ մենք հարգում ենք ԵՄ-ն և չենք ուզում նման չմշակված, քաղաքական անհեռատես կապրիզներով ջարմա դառնալ ԵՄ-ի վրա, ինչը և դառնալու էինք այս ընթացքում։ ԵՄ-ից գեթ մեկ բարձրաստիճան արձագանք չի եղել այս առնչությամբ։ Մենք դեմ ենք քվեարկել՝ նաև պաշտպանելով Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) և ԵՄ-ն անիմաստ խայտառակություններից և անիմաստ անախորժություններից»,- ասել էր քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր գործով հերթական դատական նիստի ավարտին պատասխանելով 168․am-ի հարցին։
Սա ազգային արժեքների ու պետական շահերի վրա խարսխված կուսակցության դասական օրինակ է, որն այլ պայմաններում սովորական գործելակերպ կհամարվեր, սակայն աչքի է զարնում Հայաստանի քաղաքական դաշտի պատեհապաշտության ու սկզբունքների բացակայության համապատկերում։
Հայկական քաղաքական համակարգի դեգրադացիայի կարևոր արտահայտությունն այն է, որ կուսակցությունների դերն ու գործունեությունը գնահատվում է դրանց անդամների հռետորական պաթետիզմով կամ լաչառ հայհոյախոսությամբ։ Մինչդեռ իրական քաղաքականությունը կուսակցությունների ինստիտուցիոնալ, անանձնական աշխատանքն է, որն արտահայտվում է քաղաքական ուժի պաշտոնական, հրապարակային հայտարարություններով։ Բայց դրանք Հայաստանում պահանջարկ չեն վայելում, որովհետև քաղաքական դիսկուրսը գտնվում է «շինելու» և դրան պատասխանողների անեծքների դիապազոնում։