Շնորհակալություն բարեկամ հայ ժողովրդին՝ իրանցիների կողքին կանգնելու և նրանց զորակցելու համար. Բահրամ Թահիրի

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է Սգո մատյան՝ Բանդարե Շահիդ Ռաջայի նավահանգստում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին ցավով նշեց, որ պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, փլուզվել են շենք-շինություններ, պատճառվել է նյութական մեծ վնաս։

«Դեպքի մասին տեղեկանալուց հետո Իրանի բոլոր պատկան մարմիններն ու կառույցներն անմիջապես լծվել են պայթյունի հետ կապված խնդիրների լուծման գործին։ Բարեբախտաբար, հաջողվեց հրդեհաշիջման արդյունավետ աշխատանքներն իրականացնել ամբողջ ծավալով, այժմ պայթյունի հետևանքները վերացված են։ Իրավապահ մարմիններն արդեն սկսել են դեպքի հետաքննությունը, որպեսզի բացահայտեն ողբերգության պատճառը: Մենք սպասում ենք համապատասխան մարմինների եզրակացությանը»,- ասաց Թահիրին։

Նա տեղեկացրեց, որ միջադեպից հետո իրանցիները մեկ մարդու պես համախմբված՝ աջակցում էին բոլոր նրանց, ովքեր տուժել էին պայթյունից։

Մարդիկ գնում էին հիվանդանոցներ, որպեսզի արյուն հանձնեին և այդ կերպ օգնեին բժիշկներին ու տուժածներին.«Աշխարհի տարբեր կողմերից ստացել ենք ցավակցական բազմաթիվ հեռագրեր։

Այդ գործընթացը շարունակվում է: Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ կառավարությանն ու բարեկամ հայ ժողովրդին՝ այս ծանր պահին իրանցիների կողքին լինելու և զորակցելու համար»,- եզրափակեց փոխդեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930