
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին՝ Երևանում, կուղարկվի խորհրդարանի վավերացմանը։
Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նպատակ ունեն փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ձևավորել հստակ իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։
Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ ուղղություններով համագործակցություն. վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, միմյանց քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում և գործնական օգնություն՝ ի հայտ եկող հարցերի կարգավորման նպատակով, միգրացիայի ենթարկված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն, կացության իրավական կարգավիճակի հարցերի համատեղ քննարկում։
Բոլոր նշված դրույթները իրականացվելու են կողմ պետությունների ներպետական օրենսդրությունների և միջազգային պարտավորությունների հիման վրա։ՀՀ ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագրի վավերացումը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված այն նպատակներին, որոնք առնչվում են ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը։