Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը անփութության հետևանք է, մեղավորներն արդեն հայտնաբերվել են

«Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը անփութության հետևանք է, մեղավորներն արդեն հայտնաբերվել են: Հետաքննություն է ընթանում»,- հայտնում է Իրանի ՆԳՆ նախարար Իսկանդար Մոմենին։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 46 մարդ, վիրավորվել է ավելի քան 1200-ը։

Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։

Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին առայժմ դժվար է ստույգ դատել։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի լցանավում։

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբասի նավահանգստից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

 Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։ 

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։  

Տեսանյութեր

Լրահոս