
Դուք զրկում եք պաշտպանական կողմին իր կարևոր գործիքից, և հակառակը՝ տալիս եք լրջագույն գործիքներ մեղադրող կողմին․ Ռուբեն Մելիքյանը՝ դատավոր Դոլմազյանին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական վարույթի քննությունը:
Այս դատական նիստում շարունակվեց մեղադրանքի կողմի վկա ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանի հարցաքննությունը․ հարցեր արդեն ուղղեց պաշտպանական կողմը։ Վկայի հարցաքննությունից առանձնացված մի քանի դրվագներ՝ ստորև։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը վկա Մալխասյանին նախ խնդրեց ներկայացնել իր մասնագիտական մեծ ներդրումը հայրենի բժշկագիտության մեջ, ապա վկայի պատասխանից հետո մասնավորապես հետաքրքրվեց՝ կյանքի ու գործունեության այդքան մեծ հատվածը նվիրելով բժշկագիտությանը՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ չհիշի ԵՄԲՀ-ի խորհրդի համապատասխան նիստերի ժամանակ քննարկված այն հարցերը, որոնք չեն վերաբերել բժշկագիտությանը։
Դատավոր Դոլմազյանը հարցի առնչությամբ նկատեց, թե սա «հուշող» հարց է, և առաջարկեց վերաձևակերպել այն։
Ի պատասխան՝ Ռուբեն Մելիքյանը դատավորին հակադարձեց․ «Նման հասկացություն քրդատ օրենսգրքում բացակայում է», իսկ իր հարցը որակեց դասական ուղղորդող հարց, ոչ թե հուշող։
Մեկ այլ հարցով Ռուբեն Մելիքյանը անդրադարձավ նախորդ դատական նիստին վկայի կողմից մատնանշված դրվագին, որ քննիչն իրեն տեղեկացրել է խորհրդի նիստի վերաբերյալ որոշակի արձանագրություններ ստորագրելու մասին․ ի՞նչ արձանագրություններ են եղել, և արդյո՞ք դուք տեսել եք իր կողմից ստորագրված արձանագրությունը՝ հետաքրքրվեց փաստաբանը։
«Այո, նա ցույց տվեց մի ցուցակ, որտեղ կային ստորագրություններ ու նաև իմ ստորագրությունը։ Դա ներկայացված էր, որ մեր ստորագրություններն ինչ-որ արձանագրության տակ էին, բայց բովանդակությունը լիովին չի ներկայացվել, ես չեմ կարդացել»,- նկատեց նա՝ հավելելով, որ մեծ գումարների մասին տեքստ է, և քննիչից է տեղեկացել, որ պանսիոնատների համար ծախսված գումարների մասին է խոսքը, սակայն չի մանրամասնվել։
Մի քանի այլ ճշգրտումներից հետո հարցեր ծագեցին նաև մեղադրող դատախազի մոտ․ նա մասնավորապես ասաց․
«Դուք ձեր ցուցմունքում հայտնեցինք, որ ես քննիչին պատասխանել եմ, որ պանսիոնատի հետ կապված իմ հիշողության մեջ չի տպավորվել․ այդ հանգամանքի հետ կապված ձեր հիշողությունն այն ժամանակ ավելի թա՞րմ էր, թե՞ այժմ»։
Ռուբեն Մելիքյանը սա համարեց ուղղորդող հարց, իսկ Դոլմազյանի նկատառմանը, թե խաչաձև հարցերի տրամաբանության ներքո պետք է դիտարկել հարցը, արձագանքեց․ «Այսօր մենք ունենք օրենք, որը շատ հստակ է, և եթե լիներ ձեր ասած մեկնաբանությունը, թե առաջին շրջանում չէր կարելի ուղղորդող հարցեր տալ, իսկ երկրորդ շրջանում կարելի է՝ այս ամբողջ կարգավորումը կիմաստազրկվեր։
Մեր վկային էլ որևէ կերպ մենք չենք կարող այդպիսի հարցերն ուղղել»։
Դատավորը չընդունեց փաստաբանի առարկությունը՝ պարզաբանելով, որ խաչաձև հարցաքննությունը սկսվում է այն պահից, երբ միջնորդության հիման վրա վկան իր ասելիքն ասում է, մի կողմի հարցերին պատասխանում-վերջացնում է, ապա հակառակ կողմը սկսում է հարցեր տալ։
«Զրկել մյուս կողմին հարցեր տալու հնարավորությունից՝ դատարանը ճիշտ չի համարում»,- հավելեց նա։
Փաստաբան Մելիքյանն արձանագրեց՝ դատավորը նենգափոխում է քրեական դատավարության օրենսգիրքը․ «Մեզ զրկեցիք ուղղորդող հարցեր տալու հնարավորությունից՝ մեկնաբանելով 326 հոդվածի տրամաբանությունից չբխող եղանակով։ Ես խստորեն առարկում եմ դատարանի գործողությունների դեմ։ Դուք զրկում եք պաշտպանական կողմին իր կարևոր գործիքից, և հակառակը՝ տալիս եք լրջագույն գործիքներ մեղադրող կողմին՝ իրենց գործունեությունն իրացնելու համար»։
Ամեն դեպքում մեղադրող դատախազի հարցադրումներին ի պատասխան՝ Իրինա Մալխասյանը նշեց, որ իրեն ծանոթ չէ «Ծովասար» հյուրանոցային համալիրը, հիշեց, որ խորհրդի նիստի արձանագրությունները ստորագրում են նախագահն ու քարտուղարը, բայց չի հիշում, թե տարիներ առաջ ինչ կարգով էր դա արվում և արդյոք արձանագրություններն իրեն բերվե՞լ են ստորագրության, թե՞ ոչ, հիշեց նաև, որ տարեկան հաշվետվությունները եղել են ամփոփ՝ առանց մանրամասնությունների և սլայդերով են ներկայացվել։
Այս ձևակերպումներում մեղադրող դատախազը հակասություններ տեսավ և միջնորդեց մի քանի հարցադրումներին վերաբերելի մասով հրապարակել նախաքննական ցուցմունքը, պաշտպանական կողմը ևս միջնորդեց հրապարակել, բայց արդեն ամբողջական ցուցմունքը, քանի որ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի փաստաբանի կողմից հղված հարցերին վկան տվել էր չբավարարող պատասխաններ։
Ի դեպ, ողջ դատական նիստին նկատելի էր վկայի կողմից դժվարություն՝ հայերեն լեզվով ճշգրիտ շփվելու, հարցադրումները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու առումով։
Սա տեսանելի դարձավ նաև նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, երբ վկան սկսեց խմբագրել նաև ցուցմունքի արձանագրության ձևակերպումները՝ օրինակ, նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի իր հարցաքննության ժամանակ ինքը քննիչին չի ասել, որ 3 նիստ է եղել մինչև Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ժամկետը, այլ նշել է՝ ներկա եմ եղել բոլոր նիստերին, բայց հիշում եմ 3-ը։
«Հնարավոր չէ 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիշել․ դրա համար պետք է լինեն փաստաթղթեր, որոնք կվկայեն դրանց մասին»,- շեշտեց Իրինա Մալխասյանը։
Նախաքննական ցուցմունքի և դատարանում հնչածի հակասություններին անդրադառնալով էլ՝ Արամ Դոլինյանը դիմելով վկային՝ հստակեցրեց՝մի դեպքում նշում եք, որ՝ «իմ հիշողության մեջ չի տպավորվել Սևանում պանսիոնատ ձեռք բերելու հարցի մասին քննարկումը», մյուս դեպքում՝ ասում, որ «հաստատապես հիշում եք՝ չի քննարկվել նման հարց», ո՞րը վերցնենք։
Իրինա Մալխասյանը պատասխանեց․ «Հիշողությանս մեջ չկա»։
Հոգաբարձուների խորհրդի ֆինանսական վերահսկողական գործառույթի ձևական լինելու մասին դատախազի դիտարկմանն էլ վկան արձագանքեց, որ իրենց մոտ երեբք կասկած չի հարուցեվել, որ գումարը կօգտագործվի այլ նպատակների համար, որովհետև եթե պետք էր ինչ-որ բան գնել, գնվում էր։
Դատական նիստը դարձյալ հետաձգվեց՝ ժամանակային սահմանափակման առումով․ հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 14, ժամը 15։00-ին։
Այդ դատական նիստի ընթացքում կշարունակվի Իրինա Մալխասյանի հարցաքննությունը՝ հակասությունների առնչությամբ, և կմեկնարկի մյուս վկայի՝ Սամվել Գալստյանի հարցաքննությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: