
Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 70 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հարվածի տակ են հայտնվել նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի և Ժիտոմիրի մարզերը։
Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասնավոր տնտեսություններ, արտադրամասեև։
Զապորոժիեում երկու բազմահարկ շենք է վնասվել, Խարկովում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ամենաշատը ռուսական հարվածներից տուժել է Կիևը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ փրկարարներն աշխատել են 13 կետերում, իսկ Սվյատոշինսկի թաղամասում դեռ շարունակվում են փլատակներում մարդկանց որոնումները։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 87 ԱԹՍ խոցելու մասին։ 45 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, իսկ մյուսները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի, Լիպեցկի, Մոսկվայի և Նիժեգորոդի մարզերում։ Նիժնի Նովգորոդի, Ուլյանովսկի և Կազանի օդանավակայանները ժամանակավորապես փակվելուց հետո կրկին գործում են։