
Ծանրորդ Գոռ Սահակյանը ԵԱ-ի արծաթե մեդալը բավարար չի համարում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Սահակյանը ԵԱ-ի փոխչեմպիոնությունը բավարար չի համարում:
«Այսօրվա արդյունքի համար ես շնորհակալ եմ Աստծուն: Մեկ տարի է ինչ այս քաշային կարգում եմ: Սա օլիմպիական քաշ է, բայց մեկ ամիս անց քաշային կարգերը կրկին կփոխվեն և 73 կգ-ը կդառնա 71 կգ: Այս մրցմանն արել էի ամեն ինչ` լավ հանդես գալու համար: Իմ ու մարզիչներիս համար սա այն արդյունքը չէր, որին սպասում էինք: Սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,-«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:
Սահակյանի խոսքով` Քիշնևում կայացած մրցաշարում ինքն առավելագույնն է արել: Գոռ Սահակյանը 2023, 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն է:
2025 թվականին նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր նոր` 73 կգ քաշային կարգում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում առաջինն էր: