Բաժիններ՝

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նյու Դելիում կայացած հանդիպման ընթացքում ողջունել են երկու երկրների միջև առևտրային բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մոդիի գրասենյակը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վենսի՝ Հնդկաստան կատարած անձնական այցի շրջանակում, որի ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը և ընտանիքի անդամները։ Չնայած այցի ոչ պաշտոնական բնույթին՝ Մոդիի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր։

«Ողջունվել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մոդին և Վենսը նաև վերանայել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը՝ դրականորեն գնահատելով էներգետիկայի, պաշտպանության և ռազմավարական տեխնոլոգիաների ոլորտներում առաջընթացը։ Նրանք ընդգծել են համագործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը։

Երկուստեք նաև փոխանակվել են կարծիքներով մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ՝ հանդես գալով երկխոսության և դիվանագիտության կոչով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս