
Ապարտեիդի ռեժիմի հիմքերը դրվել են Թուրքիայի ստեղծման հենց սկզբից, երբ մշակում էին սահմանադրությունը. Թաներ Աքչամ
Ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպել էին Newmag հրատարակչությունը և ՀԲԸՄ-ն՝ «Ցեղասպանագիտության շաբաթի» շրջանակներում։
Թաներ Աքչամը առաջին թուրք մտավորականներից էր, ով ոչ միայն հրապարակայնորեն ճանաչեց, այլ նաև դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։
Աքչամը դասավանդում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում գտնվող Քլարք համալսարանում՝ Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ երկար տարիներ ղեկավարել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնը։
Գիրքը՝ «Ցեղասպան պետության ակունքները», հայերեն թարգմանվել է անգլերենից և ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտի և նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ձևավորման պատմությունը՝ 1918-1923 թվականներին։
Աքչամի խոսքով՝ գիրքը գրելու միտքն առաջացել է 2023 թվականին, երբ նշվում էր Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Գրքում հեղինակը ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ապարտեիդի ռեժիմը նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում։
«Այս հարյուրամյակի ընթացքում գեթ մեկ քրիստոնյա, հրեա, հույն կամ հայ գոյություն չի ունեցել Թուրքիայի բարձրաստիճան օղակներում։ Անատոլիայում հայկական բնակչությունը 1920-ականներին կազմում էր մոտ 5%։ Եվ այդ ընթացքում նրանցից ոչ մեկը չի ընդունվել ռազմական ակադեմիա։ Արդյո՞ք սա պատահականություն է, թե հստակ ծրագրված քաղաքականություն։ Այս հարցին ես ինքս պատասխանել եմ։ Սա պատակահանություն չէ, այլ հստակ միտում։ Եվ ես այն անվանում եմ ապարտեիդի ռեժիմ»,- ասել է Աքչամը։
Պատմաբանի խոսքով՝ ապարտեիդի ռեժիմի հիմքերը դրվել են Թուրքիայի ստեղծման հենց սկզբից, երբ մշակում էին սահմանադրությունը։ Թուրքական խորհրդարանի այն ժամանակվա պատգամավորներից մեկը առաջարկել էր տալ հարցի պատասխանը, թե ով է Թուրքիայի Հանրապետության քաղաքացին։
«Եվ սահմանադրությունում նշվեց, որ մեր քաղաքացին այն մարդն է, որը սունի մուսուլման է և խոսում է թուրքերեն։ Այսպես ձևավորվեց ապարտեիդի ռեժիմի բուրգը, որի վերևում գտնվում են թուրքերը, մեջտեղում ոչ թուրք մուսուլմաններն են, իսկ ներքևում քրիստոնյաներն են, հրեաները և այլն»,- նշել է Աքչամը։
Ըստ գրքում ներկայացած փաստերի` թուրքական պետությունը համարակալում է իր քաղաքացիների ծննդյան վկայականներն ու անձնագրերը, որպեսզի իմանա, թե որ ազգին են նրանք պատկանում, և ազգային փոքրամասնությունները չկարողանան հայտնվել բարձրաստիճան պաշտոններում։
«Այդ համարակալման մեջ հույները 1-ին են, հայերը 2-ը, հրեաները 3-ը և այլն։ Եվ եթե նույնիսկ նորածնի ծնողները չիմանան կամ մոռացած լինեն, որ իրենք այս կամ այն ազգային փոքրամասնության ներկայացուցիչն են, պետությունը դա երբեք չի մոռանում»,- ասել է թուրք պատմաբանը։
Թաներ Աքչամ, Թուրքիա, ապարտեիդ, ցեղասպանություն, ազգային փոքրամասնություններ, «Ցեղասպան պետության ակունքները»