
«Այս մարդկանց չի կարելի վստահել որևէ փոփոխություն․ այդ մարդիկ կարող են միայն մեկ բան անել՝ լուռ հեռանալ»․ իրավապաշտպան

Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին իշխանական հայտարարությունները հատկապես հետպատերազմական շրջանում նոր երանգներ են ստացել։ Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել հենց իր բառերով բնութագրված՝ սուպերվարչապետական համակարգը, որին, սակայն, շատ շուտով հարմարվեց, ապա վերջին մի քանի տարիներին խոսում է, օրինակ, Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին։ Հիշեցնենք՝ այս հղումը փոխելու հարցը իդեա-ֆիքս է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար։
Նախօրեին արդեն Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը՝ որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին Նիկոլ Փաշինյանը դարձյալ ակնարկել է նոր Սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը․ նա հայտարարել է՝ «բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»։
Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու՝ իշխանությունների առաջարկության օբյեկտիվությանը, նկատեց, որ թեև ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն կա, սակայն դա չի կարող արվել Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։
«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմում ներգրավված որևէ մեկն ի վիճակի չէ առաջարկել այնպիսի Սահմանադրություն, որը կապահովի ՀՀ հարատևությունը,- նկատեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ սա նախևառաջ նշում է՝ իբրև ՀՀ քաղաքացի, ինչն ավելի բարձր կատեգորիա է, քան որևէ մասնագիտական կամ պաշտոնական կոչում,- Եթե Նիկոլ Փաշինյանի Արդարադատության նախարարը հայտարարում է, թե պետք է ստեղծել Սահմանադրություն, որը բոլոր հարևանների սրտով կլինի, և դրանով իսկ կկանխվի պատերազմը, այդ մարդկանց ընդհանրապես չի կարելի հանձնարարել այդ առաքելությունը ու հույս դնել նրանց վրա, թե կտան նորմալ պրոդուկտ։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրությունը հերթով պետք է ուղարկվի բոլոր տարածաշրջանային երկրներ՝ հաստատման։
Այսպես պետություն չեն կառուցում․ այսպիսի պետությունն անգամ հաշմանդամ պետություն չի լինելու, այլ լինելու է չպետության մասին Սահմանադրություն, չպետության մասին կարգավորումներ՝ իրենց պատկերացումներով, իրենց գործողությունների հետևանքով»։
Նինա Կարապետյանցի գնահատմամբ, սակայն, կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրությունում առկա են խութեր, որ Սահմանադրությամբ նախատեսված փոխադարձ զսպման ու վերահսկողության գործառույթներն իրականում կենսունակ չեն, «սուպերվարչապետական» համակարգը հարիր չէ մեր վիճակին, հետևաբար՝ Սահմանադրությունը փոխելու կարիքը կա։ Բայց նա վերահաստատեց՝ դա հաստատապես չեն կարող անել մարդիկ, որոնք չունեն «իզմ»-եր, չունեն կարմիր գծեր, որոնք պատրաստ են ամեն ինչ զիջել Հայաստանից՝ սկսած սահմանից, վերջացրած՝ սրբադասված զոհերի մասին տեղեկություններով։
«Այդ մարդկանց չի կարելի վստահել որևէ փոփոխություն․ այդ մարդիկ կարող են միայն մեկ բան անել՝ լուռ հեռանալ»,- ամփոփեց իրավապաշտպանը։