
Չինաստանը հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Պեկինը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Չինաստանի կողմից Ռուսաստանին վառոդի և հրետանային համակարգերի ենթադրյալ մատակարարումների վերաբերյալ ուկրաինական կողմի հայտարարությունները։
«Չինաստանը երբեք մահաբեր զենք չի տրամադրել հակամարտող կողմերից որևէ մեկին և միշտ խստորեն վերահսկել է երկակի նշանակության արտադրանքի արտահանումը…. ՉԺՀ-ն կտրականապես դեմ է հանդես գալիս անհիմն մեղադրանքներին և քաղաքական շահարկումներին», – ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։