
ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել Սանայի նահանգի Նիմ, Մանախա և Բանի Հաշիշ շրջաններին: Բացի այդ, մի շարք ավիահարվածներ են հասցվել ալ-Սաուրա, ալ-Հոդեյդա, ալ-Ջաուֆ շրջաններում հութիների տեղակայման վայրերին:
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: