
ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին

Եվրամիության երկրները կողմ են արտահայտվել պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին հակազդելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
«Հանձնաժողովի առաջարկը կատարվել էր ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներկրման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանն ի պատասխան: ԵՄ-ն չարդարացված և կործանարար է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերը՝ գտնելով, որ դրանք տնտեսական վնաս են պատճառում երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը»,- նշված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
ԵՄ-ն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հավասարակշռված և փոխշահավետ արդյունքների որոնմանը:
Նշվում է, որ եվրոպացիների հակաքայլերը կսկսեն կիրառվել Եվրահանձնաժողովի ներքին ընթացակարգերի ավարտից և կատարողական փաստաթղթի հրապարակումից հետո՝ ապրիլի 15-ից։
Եվրահանձնաժողովը հայտարարել է նաև, որ հակաքայլերը կարող են կասեցվել ցանկացած պահի, եթե Միացյալ Նահանգները համաձայնի արդար և հավասարակշռված որոշման կայացմանը։