
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 113-ի

Դոմինիկյան Հանրապետության Jet Set գիշերային ակումբում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի։ Ավելի քան 150 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սանտո Դոմինգոյի Անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է ապրիլի 7-ի երեկոյան։
Ակումբում տեղի էր ունենում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգը։ Նրա մենեջերը հաստատել է, որ նա նույնպես զոհերի թվում է։ Միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մարզիկներ և այլ հայտնի դեմքեր։
Զոհերի թվում են նաև Մոնտեքրիստի նահանգի նահանգապետը և երկու հայտնի բեյսբոլիստ։Համերգի պահին ակումբում հարյուրավոր մարդիկ են եղել։
Շուրջ 400 փրկարար դեռ փլատակներում որոնում է ողջ մնացածների։ Կան մտավախություններ, որ զոհերի թիվը կշարունակի աճել։
Մինչ այդ հաղորդվում էր 79 զոհի մասին։