
Սամվել Վարդանյանը «Ավտոբուսի գործով» մի դրվագով մեղավոր ճանաչվեց, մյուսով՝ անմեղ. դատարանը հրապարակեց վերդիկտը

Այսպես կոչված՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանն այսօր ավարտեց իր եզրափակիչ հայտարարությունը, և դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու:
Վերադառնալով՝ դատավոր Դավիթ Արղամանյանը հրապարակեց այս գործով վերդիկտը, ըստ որի՝ Սամվել Վարդանյանը ճանաչվեց մեղավոր, ինչից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան:
Մանրամասները՝ տեսանյութում: