ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։

«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։

Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է ներկայացրել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Փաստաբանը ներկայացրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։

Տեսանյութեր

Լրահոս