Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

Չինաստանը դեմ է հանդես գալիս ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարություն է տարածել ՉԺՀ առևտրի նախարարության ներկայացուցիչը:

«Չինաստանը կտրականապես դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով», – ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ «նման մոտեցումն անտեսում է շահերի հավասարակշռությունը, որը երկար տարիների ընթացքում ձեռք է բերվել բազմակողմ առևտրային բանակցություններում»։

«Սա միակողմանի ահաբեկման տիպիկ գործելակերպ է… Առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, և հովանավորչականությունը ելք չունի», – ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ պատմությունն ապացուցել է, որ մաքսատուրքերի բարձրացումը չի լուծի Միացյալ Նահանգների սեփական խնդիրները։

«Սա ոչ միայն վնաս կհասցնի նրանց սեփական շահերին, այլև սպառնալիքի տակ կդնի գլոբալ տնտեսական զարգացումը և արտադրության ու մատակարարումների շղթաների կայունությունը», – նշում է գերատեսչությունը։

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «անհապաղ չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և տարաձայնությունները պատշաճ ձևով կարգավորել առևտրային գործընկերների հետ իրավահավասար երկխոսության միջոցով»։

Ինչպես լրագրողներին հաստատել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, ԱՄՆ նախագահը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանել չինական բոլոր ապրանքների նկատմամբ. արդյունքում ներմուծվող չինական ապրանքների միագումար մաքսատուրքերը կհասնեն 54 %-ի։

Թրամփն ավելի վաղ Չինաստանից ներկրվող ապրանքների համար 20% մաքսատուրք էր սահմանել, որպեսզի Պեկինին դրդի խոչընդոտել ֆենտանիլի մաքսանենգությանը ԱՄՆ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930