
Միացյալ Թագավորությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ Այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։
Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու և ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման համար: Դա ճանապարհ կբացի առևտրի աճի և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,-նշված է հայտարարության մեջ։Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։
«Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի և տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն իր միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։