«Ադրբեջանի թիրախում մեր բանակն է, ոչ թե սահմանապահները. իշխանությունը թող թշնամուն հանի մեր այն տարածքներից, որտեղից հիմա կրակում են». Արարատ Աղաբեկյան

Սյունիքում պարբերաբար կրակոցներ են հնչում թշնամու կողմից։ Վերջին օրերին տեղի ունեցող կրակոցները սյունեցիները կապում են Նովրուզ Բայրամի հետ, որն այս օրերին տոնում են Ադրբեջանում։

Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանի՝ Աշխարհապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը հավանաբար նման ակտիվ կրակոցներով Նովրուզն է տոնում։

«Խոզնավար, Խնածախ կրակում են, բայց կոնկրետ Շուռնուխում իրավիճակը հանգիստ է։ Թշնամու թիրախում մեր բանակն է, ոչ թե մեր սահմանապահները, իսկ մեզ մոտ սահմանապահներն են կանգնած՝ մեր «կանաչները»։

Դե կկրակեն, բա ի՞նչ կանեն, թույլ են տվել թշնամուն՝ եկել մեր տարածքում հարմար տեղավորվել է ու իրեն տեր ու տիրական է զգում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արարատ Աղաբեկյանը։

Կարդացեք նաև

Այս ամենի համատեքստում ազատամարտիկի համար զարմանալի է, երբեմն էլ՝ անհասկանալի ՀՀ իշխանությունների հայտարարությունները, նրանց պահվածքը։

«Դե, Ալիևը պահանջեց՝ Նիկոլը տվեց, Ալիևը պահանջեց՝ Նիկոլը տվեց, ու այդ զիջողական քաղաքականությունը շարունակվում է մինչև հիմա։ Այդտեղ դուք չգիտեմ, բայց մենք այստեղ այդ ամենից լավ բան չենք սպասում։

Իրենց ասած սահմանազատումն ու սահմանագծումը հեչ բան է։ Եթե իշխանությունը կարող է, թող սահմանագծումից առաջ հետ վերցնի մեր այն տարածքները, որտեղից հիմա թշնամին կրակում է, դրանից հետո նոր անցնեն սահմանների գծման։ Այս երկիրն ու ժողովրդին սրանք իրենց քառակուսի ու եռանկյունի գաղափարներով ուղղակի սպանում են, դրանց ուղեղում երկրաչափական դետալներ են, ոչ թե ուղեղներ։ Իրենց հայտարարություններից հոգնել ենք, թե՝ դիվանագիտական ճանապարհով կլուծենք հարցերը, ո՞ւմ հետ են լուծելու, Ադրբեջանի՞, իշխանությունը հայ ազգին ձեռք է առնում։

Գիտեք, այնպես չէ, որ մենք պատերազմ ենք ուզում, ամենից շատ խաղաղությունը մենք ենք ուզում, սահմանին ապրող մարդիկ, բայց՝ ոչ այս ճանապարհով։ Մեր սուվերեն տարածքում հեկտարներով թուրքը տարածք է զավթել, այդպե՞ս են խաղաղության գնում»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։

Մեր զրուցակիցը վստահ է, որ ինչ իրավիճակ էլ լինի Հայաստանում, միակ տուժողը ժողովուրդն է, քանի որ իշխանությունները «ստարտի» վրա են՝ կազմ ու պատրաստ, եթե մի բան լինի, իրենք կնստեն իրենց ինքնաթիռները, մեքենաները ու կհեռանան երկրից։

«Նիկոլը չէ՞ Ալիևի հետ նստում ու վեր կենում, հետո ասում էր, թե բավականին կիրթ մարդ է, հիմա քանի որ իրենք էլ են կրթվում, թող գնան Ալիևին ասեն՝ դուրս եկեք մեր տարածքներից, մեր տարածքները տվեք ու գնանք խաղաղության։ Բայց վստահ եմ, որ չեն ասելու, ու Ալիևն էլ չի անելու, որովհետև իրենց նման «կիրթ ու կառուցողական է»»,- ընդգծեց Արարատ Աղաբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս