«ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է». ՊԱՏՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Կեղծ ինտելեկտուալիզմի գինը

Կեղծ ինտելեկտուալիզմը՝ որպես հասարակական կարծիքի վրա ազդելու գործիք, ստեղծում է տեսլականի և խոր իմաստի պատրանքներ։ Մատուցման վերամբարձ ձևն ու ոճը քաղաքական գործչին թույլ է տալիս մոլորեցնել միամիտ քաղաքացուն և մանիպուլյացիայի ենթարկել նրան՝ անձնական հետին մտադրությունների իրագործման նպատակով։

Լուրջ հարցերի կառուցողական դիսկուրսի շարունակական փոխարինումը կեղծ ինտելեկտուալ ինքնահայեցողությամբ բերում է նաև հասարակության քննադատորեն մտածող մասի քաղաքացիական մասնակցությունից խոր հիասթափության և ինքնահեռացման։ Եվ հենց այս համապատկերում փորձագետի կարծիքը դառնում է առավել պահանջված՝ օգնելու անհատին կողմնորոշվել ընթացող բարդ քաղաքական և հանրային գործընթացներում։ Այս առումով կարևորում եմ «Կրթվելը նորաձև է» կարգախոսով առաջին (միգուցե երկրո՞րդ) ընտանիքի «նախաձեռնության» վերաբերյալ տեղեկատվական դաշտում ծավալվող դիսկուրսը[1]։ Հանրային քննարկմանը ներկայացնեմ իմ նկատառումները։

 Ինչո՞ւ կրթությունը չպետք է դիտել նորաձևության պրիզմայով

Քանի որ, ըստ սահմանման, «նորաձևությունը որոշակի ժամանակ կամ մարդկանց որոշակի խմբի հագնվելու հանրաճանաչ ձևն է[2]», երեք փաստարկ ունեմ «Կրթվելը նորաձև է» կարգախոսը մերժելու համար։

1. Անցողիկությունը. նորաձևությունը փոփոխական է, իսկ կրթությունը՝ որպես զարգացող հասարակության առաջընթացի գրավական, պահպանողական է և ավելի քիչ կախված ժամանակի միտումներից, առավել ևս՝ իշխանության քմահաճություններից:

2. Անհավասարությունը. նորաձևությունը ըստ էության ենթադրում է բացառիկություն, այն ներառական չէ, և որպես հետևանք՝ կսահմանափակի կրթության հասանելիությունը և կխորացնի սոցիալական բևեռացումը:

3. Մակերեսայնությունը և թեթևամտությունը. նորաձևությունը նախևառաջ առնչվում է արտաքին կերպարի հետ, ուստի այն ենթադրում է ոչ այնքան արդյունավետ կիրառելիություն, որքան գրավչություն: Կրթելը նորաձևությամբ պայմանավորելու պարագայում շեշտը դրվում է ձևի, այլ ոչ թե բովանդակության վրա. դիպլոմը գերադասվում է գիտելիքին, իսկ կարգավիճակը՝ արհեստավարժությանը:

Մերժելով «պաշտոնականը», նախընտրելի եմ համարում «Կրթությունն ազատության գրավականն է» կարգախոսը։ Այն ընդգծում է ազատությունը որպես մնայուն արժեք և կրթությամբ պայմանավորում անհատի անկախությունը և ինքնաիրացումը՝ արժեքներ, որոնք ավելի հրատապ են, քան «նորաձևությունը» քարոզողների կասկածելի նախասիրությունները։

Վիճակագրությունը՝ ընդդեմ դեմագոգիայի

Նկատառումներս հիմնավորելու նպատակով դիտարկենք կրթության ծախսերի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում և պետական ​​բյուջեում։ Պարզվում է, որ, օրինակ, 2009-ին կրթության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը կազմել է ՀՀ ՀՆԱ-ի 3․5%-ը և պետական ​​բյուջեի ծախսերի 11․5%-ը։ 2007-08թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով 2009թ. ի վեր այս ցուցանիշները վատթարացել են՝ 2017թ. կազմելով 2.2% և 8.2% համապատասխանաբար։ 2018-ի «հեղափոխությունը» անմիջապես որոշեց խնայել կրթության հաշվին. այս նույն ցուցանիշները 2019-ին կազմեցին 2.0% և 7.9%, իսկ 2023-ին ընկան մինչև 1.9% և 7.2%՝ համապատասխանաբար։

Նկատի ունենալով կրթության մատչելիության և մատաղ սերնդի առողջության կապը, ես ուսումնասիրեցի նաև նույն տարիներին հանրային առողջապահության ցուցանիշները։ Պարզվեց, որ 2009թ. առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կազմել է ՀՆԱ-ի 1,8%-ը և պետական ​​բյուջեի ծախսերի 11,5%-ը։ Այս նույն ցուցանիշները 2019թ. նվազել են մինչև 1,5% և 6%, իսկ 2023թ.՝ մինչև 1,5% և 5,5%՝ համապատասխանաբար։

Տնտեսագետ լինել պարտադիր չէ՝ հասկանալու համար ներկայացված թվերի էությունը. 2019 թվականից սկսած ՀՀ ՀՆԱ-ում կրթության ծախսերի մասնաբաժինը կրճատվում է և ներկայում զգալիորեն զիջում է համաշխարհային միջինին, որը մոտ 4% է։ Սոցիալական ոլորտների ֆինանսավորման նման արատավոր ավանդույթն անհնարին է դարձնում նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հանձնառությունների իրագործումը: Դիցուք, ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են կրթությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 4-6%-ը կամ պետական ​​ընդհանուր ծախսերի 15-20%-ը, իսկ առողջապահությանը՝ ՀՆԱ-ի առնվազն 5%-ը:

Նշեմ, որ ԵՄ անդամ երկրներում ՀՆԱ-ում կրթության և առողջապահության համար կատարվող ծախսերի միջին չափաբաժինները կազմում են 4.7% և 9.8%՝ համապատասխանաբար։

Համեմատության համար ստորև բերված աղյուսակում ներկայացված են տվյալներ ՀՆԱ-ում կրթության ծախսերի տեսակարար կշիռը (%)՝ ըստ որոշ երկրների և տարիների[3]։

 Յոթնամյա տիրապետության հաշվեկշռի մեկ տողը

Չնայած ազգային տնտեսության աննախադեպ հաջողությունների մասին իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին, վերջին 7 տարիներին կրթության, ինչպես նաև առողջապահության ոլորտին ուղղված միջոցների հատկացումը շարունակվում է իրականացվել մնացորդային սկզբունքով։ Նման պարագայում չի կարելի լուրջ վերաբերվել երկրի գլխավոր բանակցողի և նրա տիկնոջ կողմից դրսևորվող կրթական նկրտումներին։ Իրականությունն այն է, որ դպրոցականների ծնողները ստիպված լրացուցիչ ծախսերի տակ են մտնում, որպեսզի վճարեն հաճախ նույն ուսուցիչների կողմից դպրոցից դուրս մատուցվող կրթական ծառայությունների համար: Այդ նպատակով են հիմնադրվում, այսպես կոչված, «կրթական կենտրոնները», որոնց կամարների տակ կրկնուսույցների աճող բանակը «բարեխղճորեն» կատարում է իր մասնագիտական ​​պարտքը։ Այս խնդրահարույց երևույթն «իրական» Հայաստանի կրթական համակարգի նորաձևության դրսևորում է[4]։

«Կրթվելը նորաձև է» քարոզարշավը մանիպուլատիվ հռետորաբանության հերթական դրսևորում է, որը փորձում է քողարկել ապաշնորհ պոպուլիզմն ու էժան դեմագոգիան։ Բովանդակության փոխարեն՝ քարոզվում է «գլամուր»՝ վիթխարի նախագծեր, ցայտուն կարգախոսներ և ֆոտոսեսիաներ մարզադահլիճներում ու թատրոններում։ Վիճակագրությունն անխնա հայելի է. այն արտացոլում է կրթության (նաև առողջապահության) հարցում քաղաքական մեծամասնության երկդիմությունը։ Հայաստանի «եվրոպական ընտրության» մասին ամպագոռգոռ խոսակցություններն էլ կորցնում են իրենց իմաստը, երբ այդ մեծամասնությունը շարունակաբար իր ազգային արդյունքից ավելի քիչ մասնաբաժին է հատկացնում կրթությանը, քան Ղրղըզական Հանրապետությունը։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն խորհրդի (1990-95թթ.) և Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

[1] hraparak.am, 168.am

[2] https://www.britannica.com/dictionary/fashion

[3] Հայաստանի տվյալները՝ ըստ Հայաստանի վիճագրական տարեգրքերի, մնացած երկրների տվյալները՝ ըստ Համաշխարհային Բանկի, 

[4] 2021թ. Չինաստանը իրականացրեց կրթական բարեփոխումներ: Որակյալ կրթության մատչելիությունն ապահովելու նպատակով պետական դպրոցների ուսուցիչներին, մասնավորապես, օրենսդրորեն արգելվեց կրկնուսուցել իրենց առարկաները։

 

Տեսանյութեր

Լրահոս