
Արցախի փաստաբանների պալատը կպաշտպանի Ռոման Երիցյանի իրավունքները

Էրիկ Բեգլարյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ,
Բոլորիս արդեն հայտնի Տիգրան Ուլուբաբյանի գործով իրավիճակը շարունակում է սրվել, և այս անգամ արդեն նրա պաշտպանն է հայտնվել իրավապահների ուշադրության տակ։։ Արցախի փաստաբանների պալատը խորը մտահոգություն է հայտնում փաստաբան Ռոման Երիցյանի նկատմամբ իրականացվող գործողությունների կապակցությամբ։
Եթե փաստաբանը ենթարկվում է հետապնդման միայն նրա համար, որ կատարում է իր մասնագիտական պարտականությունները, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլև դատապարտելի։ Փաստաբանի գործունեությունը պետք է լինի անկախ, և որևէ ճնշում կամ խոչընդոտ նրա նկատմամբ իրավական պաշտպանության իրականացման համար հակասում է արդարադատության սկզբունքներին։ Անթույլատրելի է փաստաբանի դեմ հետապնդում սկսել միայն այն պատճառով, որ նա օրենքի սահմաններում պաշտպանում է իր պաշտպանյալի իրավունքներն ու օրինական շահերը։
Փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ներկայումս պատրաստում է նյութեր, որոնք կարող են խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությանը։ Ռոման Երիցյանը հանդիսանում է Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ և հավատարմագրված է ՀՀ փաստաբանների պալատում։ Ուստի, Արցախի փաստաբանների պալատը հայտարարում է, որ իր ողջ ներուժով կպաշտպանի Ռոման Երիցյանի իրավունքները և թույլ չի տա, որ նա ենթարկվի պատասխանատվության միայն այն բանի համար, որ իրականացրել է իր մասնագիտական պարտականությունները՝ պաշտպանելով Տիգրան Ուլուբաբյանի շահերը։
Արդարադատության և իրավունքի գերակայության ապահովումն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության համար, և փաստաբանների նկատմամբ ցանկացած ճնշում պետք է արժանանա խիստ դատապարտման։ Փաստաբանը պետք է ունենա ազատություն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար՝ առանց վախի և ճնշումների։ Արցախի փաստաբանների պալատը հետևողականորեն կպաշտպանի իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը՝ ապահովելով նրանց անկախ գործունեությունը»։