
ՀՀ-ն վտանգավոր իրավիճակի առաջ է կանգնել. հնարավոր է` Փաշինյանը հիմա էլ միակողմանի փաստաթուղթ ստորագրի Ադրբեջանի հետ. նման փորձ արդեն ունի, երբ Գրանադայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. քաղաքագետ

Բաքուն ստացել է իրեն անհրաժեշտ պահանջների փաթեթը, որը ներառված էր «խաղաղության պայմանագրում», հիմա էլ նոր փաթեթի է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքվի ապատեղեկատվություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից։ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։
Մաթևոսյանի խոսքով` Փաշինյանի` միջպետական փաստաթղթերի և պայմանագրերի վերաբերյալ ընկալումները բախվում են իրականության պատին։
«Փաշինյանը «յուրօրինակ» մեկնաբանություն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում, և դա հանգեցրեց նրան, որ այժմ գոյություն չունի Արցախի Հանրապետություն։ Նույնն էլ այստեղ է, մենք` որպես կողմնակի դիտորդներ այս գործընթացին (որովհետև կարող ենք միայն վերլուծել տեղի ունեցող իրողությունները), տեսնում ենք, որ Ադրբեջանը պահանջների մի շարք փաթեթներ ունի, ու դրանցից մեկը ձևակերպվել է որպես այսպես կոչված խաղաղության պայմանագիր»,– նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանը հիշեցրեց` Ադրբեջանը հայտարարություններ էր տարածում, որ կոմունիկացիաների վերաբերյալ հարցն առանձին քննարկման առիթ է լինելու` «խաղաղության պայմանագրից» դուրս։ Քաղաքագետն ընդգծեց` Բաքուն տեսել է, որ Երևանն ընդունել է իր պահանջները, դրանից հետո միանգամից սկսել է նոր պահանջների փաթեթի մասին խոսել` այսպես կոչված կոմպենսացիան այսպես կոչված օկուպացիայի համար, այսպես կոչված ռազմական հանցագործներին Ադրբեջանին փոխանցելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, սահմանադրական փոփոխությունները, ադրբեջանցիների ՀՀ «վերադարձը» և այլն։
«Այսինքն` իրենք ստացան իրենց անհրաժեշտ փաթեթը, որը ներառված էր «խաղաղության պայմանագրում», հիմա էլ նոր փաթեթի են անցել։ Հայկական կողմն էլ մի ընկալում ունի` մենք «քայլ ձիով» անենք և Ադրբեջանի պահանջները բավարարենք, դրանից հետո միջազգային հանրությունն էլ ճնշումներ կգործադրի նրանց վրա ու կստիպի Ադրբեջանին, որ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրեն։ Մեծ հաշվով, Բաքվում սրան ուշադրություն էլ չէին դարձնում, այս ամենը Նիկոլ Փաշինյանի վատ և սուբյեկտիվ ընկալումներն էին»,– ասաց քաղաքագետը։
Ըստ նրա` Հայաստանը հիմա վտանգավոր իրավիճակի առաջ է կանգնել. հնարավոր է` Փաշինյանը հիմա էլ միակողմանի փաստաթուղթ ստորագրի Ադրբեջանի հետ։ Դա կհանգեցնի նրան, որ մենք կվերցնենք միակողմանի պարտավորություններ՝ կյանքի կոչելու այդ 17 կետերը, որոնք վերաբերում են Հայաստանին։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը միակողմանի քայլի փորձ արդեն ունի, երբ Գրանադայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մաթևոսյանի խոսքով` Ադրբեջանն էլ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրն այնքան ժամանակ, մինչև չհասնի Հայաստանի հետ կապված հնարավոր բոլոր պահանջների կյանքի կոչմանը։ Քաղաքագետն ընդգծեց` իսկ թե որն է այդ պահանջների վերջնարդյունքը` ԵՄ դիտորդների դուրսբերումը, Մինսկի խմբի լուծարումը, թե հայկական պետականության լուծարումը, ցույց կտա ժամանակը։
Եզրափակելով խոսքը` Մաթևոսյանը շեշտեց, որ վերլուծելով վերջին տարիների իրողությունները` ադրբեջանական կողմն է թելադրում բանակցային գործընթացների բովանդակությունն ու ձևը։
Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանն օրական մի քանի անգամ հայտարարում է, թե ՀՀ զինված ուժերը կրակում են իրենց դիրքերի ուղղությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ հայտարարությունները։