
Փաշինյանը պայմանավորվել է. էս մարդուն շտապ բարաթ է պետք. հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Վահագն Մելիքյան
Մարտի 13-ին պաշտոնական Երևանն ու Բաքուն առանձին-առանձին հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ինչից հետո նախ Բաքվից կրկին պահանջներ ներկայացրեցին Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծման վերաբերյալ, ապա սկսեցին տարածել ապատեղեկատվություն, թե իբր, հայկական կողմից կրակում են իրենց դիրքերի ուղղությամբ։
Երևանը, հերքելով այս մեղադրանքները, Բաքվին առաջարկեց ներկայացնել հրադադարի խախտումն ապացուցող փաստեր, ինչը չստանալուց հետո Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա մեջ իր ֆեյսբուքյան էջում 3 նույնաբովանդակ գրառում կատարեց՝ հայտարարելով՝ պատրաստ է իր ստորագրությունը դնել Խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի տեքստի տակ։
Թե ինչի՞ մասին է 5 օրվա ընթացքում ադրբեջանական 11 ապատեղեկատվական հայտարարությունը, և Փաշինյանի կողմից միակողմանիորեն պայմանագրի ստորագրման մասին հայտարարություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։
«Իրականություն դարձան բոլոր այն կանխատեսումները, որոնց մասին խոսում էինք այսքան երկար ժամանակ. ասում էինք, չէ՞, որ դա ոչ թե իրական խաղաղության պայմանագիր է, այլ, այսպես կոչված։ Հիմա այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն այսպես կոչված է։ Այս իշխանությունն ասում է՝ այս թուղթը չստորագրելը հավասարազոր է պատերազմի, սակայն իրականում դրա չստորագրելը կապված է հայի արժանապատվության հետ։ Այս թուղթը ներքին սպառման համար է՝ հաշվի առնելով արտահերթ կամ հերթական ընտրական գործընթացները։ Այդ թուղթը, այդ բարաթն այս իշխանության համար դառնալու է առանցքային նշանակություն ունեցող մի բան, որին հղում անելով՝ Փաշինյանը վերջնագրային տոնով, ուլտիմատում քարոզարշավ է անելու և ասի՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ»,- ասաց Վահագն Մելիքյանը՝ պնդելով, որ իրականում հակառակն է՝ հենց Փաշինյանի քաղաքական գոյությունն է հավասարազոր պատերազմի։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն պնդմանը, թե ինքը որևէ միակողմանի զիջում չի անում, որովհետև պայմանագրի 17 կետերը վերաբերում են միաժամանակ երկու կողմերին, ապա, ըստ Մելիքյանի, այս հարցում չպետք է տրվել փաշինյանական մանիպուլյացիաներին։
«Ո՞վ ասաց, որ միակողմանի է. զիջումները միակողմանի են, համաձայնեցումը՝ երկկողմանի, կա պահանջող և կա կատարող. կա դերաբաշխում։ Այո՛, երկու կողմ ունի այդ թուղթը, բայց մեկը որոշում է, մյուսը՝ կատարում»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Փաշինյանի խոստացած զիջումները թաքնված են նրա կողմից հռչակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, պարզապես հիմա իրավիճակի սրում է տեղի ունենում նաև այն պատճառով, որ Փաշինյանը հետ է կանգնել իր պայմանավորվածություններից։
«Պնդում եմ՝ այդ պայմանավորվածությունները կան, այլապես այն պահանջները, որոնք գալիս են Բաքվից, Հայաստանում լուրջ դիմադրության կարժանանային։ Ինքը ժամանակին խոստացել է, ասել է՝ ինձ ժամանակ տվեք, որ կարողանամ հայ հասարակությանը դա ներկայացնել։ Այստեղ է ամբողջ խնդիրը, այլապես կդիմեր տարբեր կենտրոնների, որ գան և դառնան երաշխավոր։ Կրկնում եմ՝ Փաշինյանը պայմանավորվել է, էս մարդուն շտապ բարաթ է պետք, որովհետև հասկանում է՝ իշխանությունը կորցնում է ամեն օր»,- ասաց Վահագն Մելիքյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։