Արթուր Նահապետյանը Փաշինյանին խոստացավ կոռուպցիայի դեմ լավ պայքար մղել. նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Նահապետյանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արթուր Նահապետյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ մարտի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երկուական առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե զարմանքով ու զայրույթով է արձանագրել, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց ի պատասխան ինչ եղավ հարցին՝ «նախաքննությունը շարունակվում է» կարճ տեղեկանքն են ստանում։

«Կներեք, սա անթույլատրելի է, որովհետև պետք է, ի վերջո, հանրությունը պատասխան ունենա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ու ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի ու էական ներդրում են իրականացրել, բայց օպերատիվ չեն։

«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի՝ նման իրավիճակ է նաև Քննչական կոմիտեում։

«Կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգ ապահովվի։ Մենք այն կանխավարկածով չենք, որ գործը գնաց դատարան, պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի, բայց եթե մեկ-երկու-երեք-չորս ու դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի հետ, պետք է լույս վառվի, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում, հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեում, շատ կարևոր աշխատանք կա անելու։

Տեսանյութեր

Լրահոս