Բաժիններ՝

Մանկական հրաշք՝ Երևանի օպերային թատրոնում. երեսուն տարի անց բեմ վերադարձավ «Ճպուռն ու մրջյունը» բալետը

Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը երեսուն տարի անց նոր ոճով, նոր մտածողությամբ ու շնչով վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մանկական պայծառ, գունեղ ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մարտի 15-ին։

Բեմում Երևանի պարարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաներն էին, իսկ դահլիճում՝ մեծամասամբ երեխաներ, որոնք ժպտում էին, զարմանում, ներկայացման ընթացքում հարցեր տալիս, անհամբեր սպասում իրադարձությունների զարգացմանն ու հանգուցալուծմանը։

Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ բալետը 1990-ական թվականներին բեմադրել է անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: Այս անգամ այն հասուն ու փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնեց բեմադրող բալետմայստեր, լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանը։

«Մենք  ստեղծել ենք մեր հեքիաթը՝ «Ճպուռն ու մրջյունը» բալետը, որում ներգրավված է յոթանասունից ավելի ուսանող։ Բալետը բեմադրված է երկու պարային ոճով։ Առաջին գործողությունն ամբողջովին ժամանակակից պար է, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և օպերային թատրոնի խաղացանկին, երկրորդ գործողությունը խիստ դասական է։ Հենց այդ հակադրությունն  է հետաքրքիր»,-ներկայացումից առաջ «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց Գալստյանը։

Նա կարծում է՝ եթե արտիստը տիրապետում է և՛ դասական, և՛ ժամանակակից պարին, կարող է իրեն ավելի լիարժեք զգալ։ 

«Եթե ցանկանում ենք հաղորդակցվել աշխարհի հետ, պետք է բազմաֆունկցիոնալ լինենք։ Մեր քոլեջի առաքելությունն է ուսանողներին կրթել ժամանակակից պահանջներին համապատասխան։ Նրանք պարտադիր պետք է  այդ ճանապարհով անցնեն։ Դա է լավ, մրցունակ արտիստ դառնալու պրոֆեսիոնալ ուղին»,-շեշտեց Գալստյանը, որը նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենն է։

Օպերային թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանի խոսքով՝ բալետին նոր կյանք են տվել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ։ Նա կարևորեց այն փաստը, որ ներկայացման մեջ զբաղված են քոլեջի սաները, քանի որ նրանց համար նոր հարթակ են տրամադրում, բացի այդ՝ ուսանողներն օպերային թատրոնի ապագա պարողներն են։

«Սա շատ ժամանակակից մանկական ներկայացում է. օգտագործվել է 3D գրաֆիկա, ժամանակակից լուծումներ,  գույնզգույն ու հետաքրքիր կոստյումներ։ Օպերան առանձին մանկական թատրոն բացելու նպատակ ունի, և մենք ամեն բան անում ենք, որ մանկական ներկայացումները մեր խաղացանկում շատանան։ «Ճպուռն ու մրջյունը» տարվա առաջին մանկական բեմադրությունն է, սակայն ամռանը ներկայացնելու ենք «Շունն ու կատուն» օպերան, իսկ ձմռանը՝ «Ձյունե թագուհին» բալետը»,-շեշտեց Ահարոնյանը՝ հիշեցնելով վաղուց թատրոնի խաղացանկում կարևոր տեղ զբաղեցրած «Չիպոլինո», «ՄուկՕպերա», «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացումների մասին։

«Ճպուռն ու մրջյունը» երկու գործողությամբ բալետում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում անտառում։ Տերևից պատրաստված ճոճանակի մեջ արթնանում է երջանիկ Ճպուռը՝ շատ լավ տրամադրությամբ։ Նա զվարթ թռչկոտում է, հարդարում է մազերը, վայելուչ տեսք ընդունում և հանդիպում ընկերների՝ բզեզների և թիթեռնիկների հետ։

Աշխույժ քայլերգի հնչյունների ներքո հայտնվում են նաև մրջյունները։ Մեծ մրջյունը տարված է տուն կառուցելու գաղափարով, նա իր մեծ ընտանիքին ներկայացնում է  իր մշակած նախագիծը և բոլորին հորդորում ամբողջ ամառ անդադար աշխատել ու պաշարներ կուտակել ձմեռը հաղթահարելու համար։ Ի տարբերություն մրջյունների՝ Ճպուռը, մատնված անգործության, ոչինչ անել չի ցանկանում։  Նա միայն զվարճանում է իր ընկերախմբի հետ և մասնակցում ծաղիկների վալսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս