«Համոզված եմ՝ Փաշինյանն անհանգստություն է ունեցել, որ կարող է իմ այդ  դիրքորոշումը խանգարի իր այս կամ այն քայլի իրականացմանը». Հովիկ Աղազարյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Հրապարակվել է նաև ՀՀ ԱԺ որոշումը, որում նշված է, որ ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

Կարդացեք նաև

Նշենք, որ Հովիկ Աղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվել էր նախորդ տարի դեկտեմբերին։

Այն ժամանակ Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյոք գլխավոր դատախազը կգնա՞ Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Նման հարց ներկայում չի քննարկվում»,- ի պատասխան՝ հայտնել էին Դատախազության հանրային կապերի բաժնից։

168.am Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի իր դեմ նախաձեռնված այդ գործընթացի վերաբերյալ և ինչո՞վ է խանգարում ՔՊ-ին, որ ցանկանում են իրեն հեռացնել խորհրդարանից։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ մի շարք պատճառներ կան։

«Մի քանի սկզբունքային հարցերի շուրջ ես տեսակետ եմ ունեցել, որը տարբերվել է ինչպես շատերի տեսակետից, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի տեսակետից։ Խորին համոզվածություն ունեմ, որ այդ դրվագներից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանն անհանգստություն է ունեցել, որ կարող է պատահել, որ այդ իմ դիրքորոշումն ինչ-որ չափով խանգարի՝ իր այս կամ այն քայլի իրականացման հետ կապված»,- նշեց Հովիկ Աղազարյանը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ է, որ տեսակետները տարբերվում են։

Մեր ճշտող հարցին՝ այդ հարցերը վերաբերում են Հայաստանի անվտանգությա՞նը, Հովիկ Աղազարյանը դրական պատասխան տվեց՝ շեշտելով. «Այո»։

Պատգամավորը նաև ընդգծեց.

«Ինձ անձեռնմխելիությունից զրկելուց հետո իմ քաղաքական պայքարը, իհարկե, չի ավարտվելու, ամեն ինչ շարունակական է լինելու։ Նայած որ հանգրվանում՝ ինչպես, բայց շարունակական է լինելու։ Այս ամենի հետ կապված ես իմ տեսակետն ԱԺ-ում կհայտնեմ»։

Տեսանյութեր

Լրահոս