Ո՞ր ուժին կընտրեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լինի․ ՀԱՐՑՈՒՄ

ՀՀ քաղաքացիների 11, 8%-ն է պատրաստ է հաջորդ ընտրություններում քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց հարցումների արդյունքները։

Հարցին` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ո՞ւմ օգտին կքվեարկեիք, հարցվածների 11,8%-ը (վարկանիշը մեկ ամսում աճել է 0,5%-ով) նշել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին, 4,7 %-ը` (վարկանիշի անկումը՝ 1,8 %) «Հայաստան» դաշինքի օգտին, «ԴՕԿ» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 %-ը (վարկանիշի անկում՝ 3,3%)։

«Վերջին 3 շաբաթում կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը կալանավորված է և եթերում չէ, ուստի վարկանիշի նման նկատելի անկումը կարելի է տրամաբանական համարել»,- ասաց Նավասարդյանը։

Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2.2% ցուցանիշով (վարկանիշի աճը՝ 0.3%)։ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 2,1% (անկումը՝ 0,2%)։

«Հանրապետություն» կուսակցության վարկանիշը ևս նվազել է։ Քաղաքացիների ընդամենը 0,7%–ն է պատրաստ նրանց ձայն տալ։ Անցած ամսվա համեմատ կուսակցության վարկանիշը նվազել է 1,1%-ով։

Մյուս ուժերն ունեն հետևյալ ցուցանիշները՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 0,7%, ՀՅԴ–ն՝ 0,3%, ՀԱԿ–ը՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,1% և մյուս կուսակցությունները միասին՝ 0,5%։

Հարցվածների 6,2%-ը չի ցանկանում որևէ մեկի օգտին քվեարկել հարցվածների 4,7 %-ը նախատեսում է փչացնել իր քվեաթերթիկը։ 24,6%-ը դժվարացել է պատասխանել, 4%-ը հրաժարվել է պատասխանել։ Հարցվածների 32,4 %-ը չի նախատեսում մասնակցել ընտրություններին։

Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս