
ԱՄՆ-ն ողջունում է Սիրիայի իշխանությունների և քրդերի միջև համաձայնագիրը

Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի նոր կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի ժամանակավոր իշխանությունների և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև վերջերս հայտարարված համաձայնությունը երկրի հյուսիս-արևելքը միացյալ Սիրիային ինտեգրելու վերաբերյալ», – ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքական անցմանը, որը կցուցաբերի «հուսալի, ոչ կրոնական կառավարում՝ որպես հետագա հակամարտությունից խուսափելու լավագույն միջոց»:
«Մենք կշարունակենք հետևել ժամանակավոր իշխանությունների կողմից ընդունված որոշումներին՝ մտահոգությամբ նշելով փոքրամասնությունների նկատմամբ մահացու բռնության վերջին դեպքերը», – հավելել է պետքարտուղարը։
Մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ինստիտուտներին ինտեգրելու վերաբերյալ։«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ:
Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն նրա կազմի մեջ մտնում են նաև արաբական ցեղերի ներկայացուցիչներ և ասորիներ։ Ավելի վաղ սիրիական ծովափնյա շրջաններում բռնություններ են տեղի ունեցել։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր բռնությունների զոհ է դարձել 973 խաղաղ բնակիչ, չնայած այս թիվը վերջնական չէ։
Բացի այդ, զոհվել է Սիրիայի անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից։