
ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը աճել է 6.3%-ով

2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը աճել է 6.3%-ով՝ նախորդ տարվա համեմատ։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից՝ մանրամասնելով, որ փոխադարձ առևտրի հիմնական բաշխվածությունը հետևյալ տեսքն ուներ.
• Ռուսաստան – 55%,
• Բելառուս – 28.5%,
• Ղազախստան – 11.4%,
• Հայաստան – 3.6%,
• Ղրղզստան – 1.6%։
«2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ընդհանուր առևտրի մեջ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի մասնաբաժինը կազմել է 17%։
Հայաստանի Հանրապետության մասով, փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 25.6%»,- նշվում է պատասխանի մեջ։
Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Հայաստանի փոխադարձ առևտրի ներքին կառուցվածքում ԵԱՏՄ երկրների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման 94.6%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, 3.4%-ը՝ Բելառուսին, 1.6%-ը՝ Ղազախստանին եւ 0.4%-ը՝ Ղրղզստանին։
Հայաստանի ներմուծման կառուցվածքի վերլուծությունը ԵԱՏՄ երկրներից ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների կողմից ներմուծված ԵԱՏՄ արտադրանքի 98.5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 1%-ը՝ Բելառուսին, 0.5%-ը՝ Ղազախստանին եւ 0.01%-ը՝ Ղրղզստանին։Հայաստանի փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծությունը ԵԱՏՄ երկրների հետ ցույց է տալիս, որ 2024 թվականին Հայաստանի արտահանման 44%-ը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները, իսկ 23.7%-ը կազմել են պարենային և գյուղատնտեսական ապրանքները, որոնք նույնպես զգալի մասնաբաժին են զբաղեցրել Հայաստանի արտահանման կառուցվածքում։